AntiCor-ը պարզել է, որ մոտ 80 միլիոն դրամի պետական պատվեր է ստացել մի ընկերություն, որի բաժնետերերից մեկը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրն է։ Փաստաթղթային առումով, ըստ ամենայնի, ամեն ինչ ձևակերպված է օրենքի պահանջներին համապատասխան՝ մրցույթ, ընթացակարգ, իրավական հիմքեր։ Սակայն նման դեպքերում իրական հարցը սովորաբար փաստաթղթերի ձևական համապատասխանությունը չէ, այլ այն, թե ինչպիսի միջավայրում և ինչ տրամաբանությամբ են կայացվում այդ որոշումները։
Խնդիրը հենց այստեղ է․ արդյո՞ք բոլոր տնտեսվարողները պետական գնումների համակարգում ունեն հավասար հնարավորություն, թե՞ առկա են սուբյեկտներ, որոնց համար համակարգը գործնականում ավելի հասանելի, ավելի կանխատեսելի և ավելի «բարեհաճ» է։ Երբ պետական կառավարման համակարգում հայտնվում են պաշտոնյայի ընտանեկան կամ անձնական կապերով առնչվող շահառուներ, առաջանում է ոչ միայն շահերի բախման, այլ նաև կոռուպցիոն ռիսկերի լուրջ տիրույթ։
Այսպիսի իրավիճակներում խոսքը պարտադիր չէ արդեն ապացուցված հանցավոր արարքի մասին լինի։ Սակայն հակակոռուպցիոն գնահատման տեսանկյունից հենց այսպիսի դեպքերն են այն ազդակները, որոնք ցույց են տալիս՝ համակարգը չունի բավարար պաշտպանական մեխանիզմներ՝ հանրային վստահությունը պահպանելու համար։ Եթե պետական որոշումների շուրջ ձևավորվում է հիմնավոր կասկած, որ որոշ դերակատարներ կարող են օգտվել ոչ ֆորմալ առավելություններից, ապա նույնիսկ իրավական արտաքին պատշաճությունը չի վերացնում կոռուպցիոն ռիսկը։
Հատկանշական է նաև հանրային արձագանքի պակասը։ Այլ քաղաքական իրողությունների պայմաններում նման տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցներ լայն քննարկման, քաղաքական ու քաղաքացիական սուր արձագանքի։ Սակայն այժմ նկատվում է լռություն՝ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ պետական դերակատարների, թե՛ հանրային լայն շերտերի մակարդակում։ Այդ լռությունը, սակայն, չի չեղարկում խնդրի էությունը։
Պետական գնումների համակարգի նկատմամբ վստահությունը չի ձևավորվում միայն «ամեն ինչ օրենքով է եղել» բացատրությամբ։ Հանրությունը ցանկանում է վստահ լինել, որ մրցակցությունն իրական է, պայմանները՝ հավասար, իսկ պետական ռեսուրսների բաշխումը՝ զերծ անձնական կապերի ազդեցությունից։ Երբ այդ վստահությունը խաթարվում է, համակարգը սկսում է ընկալվել ոչ թե որպես արդար կառավարման գործիք, այլ որպես փակ միջավայր, որտեղ որոշների համար դռները բացվում են ավելի հեշտ, քան մյուսների։
Եվ այստեղ առանցքային հարցը մնում է անփոփոխ․ գործ ունե՞նք իսկապես գործող և արդար պետական համակարգի հետ, թե՞ մի կառուցվածքի, որտեղ կոռուպցիոն ռիսկերը կուտակվում են անձնական կապերի, հարաբերությունների և ներսային առավելությունների հաշվին։ AntiCor-ի գնահատմամբ՝ նույնիսկ առանց անմիջական ապացուցված խախտման, նման դեպքերը պետք է դիտարկվեն որպես պետական կառավարման համակարգի հակակոռուպցիոն խոցելիության լուրջ ազդակ։