Բացահայտված դեպքը հերթական անգամ արձանագրում է իրավապահ համակարգում փաստաթղթային կեղծիքների վտանգի հարցը։ Խոսքը վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը զբաղեցրած նախկին պաշտոնատար անձին, որը կատարել է տվել պաշտոնեական։
Պարզվում է, որ 2023 թվականին իրեն հանձնարարված քրեական վարույթի շրջանակում քննիչներից մեկը (անունը դեռևս չի հրապարակվում), մեղադրյալի և վկայի փաստացի բացակայության պայմաններում, կազմել է արձանագրություն, որը չի համապատասխանել իրականությանը։ Ավելին՝ արձանագրության մեջ ներառվել են մտացածին պատասխաններ՝ ներկայացված որպես վկայի և մեղադրյալի կողմից տրված ցուցմունքներ։ Փաստաթղթի «իսկությունը» հավաստելու նպատակով կատարվել են համապատասխան գրառումներ և դրվել ստորագրություններ՝ այլ անձանց փոխարեն։
Այսինքն՝ խոսքը ոչ թե ընթացակարգային թերացման, այլ քննչական գործողության փաստացի չկատարման պայմաններում դրա կեղծ արձանագրման մասին է։ Կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել և կցվել քրեական վարույթի նյութերին՝ ստանալով պաշտոնական իրավական ուժի տեսք։
Փաստորեն քննիչը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք։
Այս դեպքը, սակայն, ունի ավելի լայն համակարգային նշանակություն։ Քրեական դատավարությունում արձանագրությունը պարզապես թուղթ չէ․ այն ապացուցողական աղբյուր է, որի վրա կարող են հիմնվել մեղադրանքները, խափանման միջոցների ընտրությունը և վերջնական դատավճիռը։ Եթե արձանագրությունը կազմվում է առանց իրական քննչական գործողության, ապա վտանգվում է ողջ ապացուցողական շղթայի վստահելիությունը։ Միաժամանակ հիմնավոր կասկած է առաջանում առ այն, թե որքան այդպիսի դեպքեր կան, որոնք հայտնի չեն դառնում։ Ի դեպ փաստաբանները հաճախ են նախաքննության ընթացքում թույլ տրված կեղծիքների մասին արձանագրումներ անում, որոնք այդպես էլ չեն դառնում պատշաճ քննության առարկա։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման կեղծիքը ենթադրում է ոչ միայն փաստաթղթի խեղաթյուրում, այլև գործընթացի նկատմամբ լիազորությունների չարաշահում։ Քննիչը, որը պետք է ապահովի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, վերածվում է փաստաթղթային «իրականություն» ստեղծողի։
Այս դեպքը հստակ ցույց է տալիս, որ կոռուպցիոն ռիսկերը սահմանափակված չեն միայն ֆինանսական շահույթով պայմանավորված հանցագործություններով։ Երբ խաթարվում է քրեական արդարադատության փաստաթղթային հիմքը, վտանգի տակ է դրվում արդար դատաքննության իրավունքը և իրավական պետության հիմնարար սկզբունքը։