2026 թվականի հունվարի 12-ին Ստեփանավանում տեղի ունեցած դեպքը հերթական անգամ բացահայտում է, թե ինչպիսի ռիսկեր են կուտակված Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական համակարգում։

Քրեական վարույթի շրջանակում երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, զբաղեցնելով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության 14-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնները, իրենց ծառայողական լիազորությունները օգտագործել են ոչ թե օրենքի պահանջները կիրառելու, այլ՝ դրանք «չկիրառելու» դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար պահանջելու նպատակով։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք այցելել են Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գործող մասնավոր սուպերմարկետ և տնտեսվարողից պահանջել 9.000.000 ՀՀ դրամ կաշառք։ Փոխարենը խոստացվել է չիրականացնել ստուգումներ, չփակել առևտրի օբյեկտը, չարգելել գործունեությունը, աշխատակիցներին «բացատրությունների» չտանել, հնարավոր խախտումները չարձանագրել և տուգանք չնշանակել։

Այսինքն՝ պետական վերահսկողությունը առաջարկվել է փոխարինել «պաշտպանությամբ»։

Հատկանշական է, որ խոսքը վերաբերում է այնպիսի պաշտոնների, որոնք օժտված են լայն օպերատիվ և վերլուծական լիազորություններով՝ ռիսկային տնտեսվարողների առանձնացումից մինչև հարկային իրավախախտումների բացահայտում և համապատասխան միջոցառումների իրականացում։ Այդ լիազորությունները պետք է ծառայեն պետական բյուջեի պաշտպանությանը և հարկային կարգապահության ապահովմանը։ Սակայն ներկայացված փաստական տվյալները վկայում են հակառակ տրամաբանության մասին՝ վերահսկող գործառույթը կարող է վերածվել ճնշման և առևտրի գործիքի։

Դեպքը առավել մտահոգիչ է այն առումով, որ պահանջված գումարը պետք է փոխանցվեր նույն աշխատանքային օրվա ավարտին։ Սա վկայում է ոչ թե հանկարծակի որոշման, այլ հստակ ձևավորված պահանջի մասին, որը ենթադրում է ծառայողական դիրքի օգտագործում ֆինանսական շահի համար։

Այս գործը բարձրացնում է մի շարք համակարգային հարցեր։ Ինչպե՞ս է ապահովվում ռիսկային տնտեսվարողների ընտրության թափանցիկությունը։ Ի՞նչ ներքին վերահսկողական մեխանիզմներ են գործում օպերատիվ աշխատակիցների գործունեության նկատմամբ։ Որքանո՞վ է կանխարգելիչ բնույթ կրում հակակոռուպցիոն վերահսկողությունը ՊԵԿ ներսում, և արդյոք այն գործում է մինչև քրեական վարույթի փուլ հասնելը։

Երբ վերահսկող մարմնի ներկայացուցիչը կարող է նույնքան հեշտությամբ նախաձեռնել ստուգում, որքան՝ այն «չնկատել», ստեղծվում է վտանգավոր միջավայր, որտեղ օրինապահ բիզնեսը դառնում է խոցելի, իսկ ստվերային հարաբերությունները՝ շահավետ։ Սա խաթարում է մրցակցային հավասար պայմանները և հարվածում պետական եկամուտներին։

AntiCor-ը կարևորում է, որ նման գործերը չսահմանափակվեն միայն կոնկրետ անձանց պատասխանատվությամբ։ Անհրաժեշտ է գնահատել նաև համակարգային ռիսկերը, վերանայել ներքին վերահսկողության մեխանիզմները և ապահովել, որ հարկային վերահսկողությունը չվերածվի բանակցային գործընթացի։

Պետական եկամուտների պաշտպանության գործառույթը չի կարող դառնալ ծառայություն, որը «մատուցվում» է վճարի դիմաց։ Հակառակ դեպքում կոռուպցիոն ռիսկերը դառնում են ոչ թե բացառություն, այլ գործելակերպ։