Հանրային դաշտում շրջանառվում է նոր տեղեկություն պաշտպանության նախարարության համակարգում հնարավոր կոռուպցիոն չարաշահման վերաբերյալ, որը վերաբերում է բնակարանային ապահովման գործընթացին։

Ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ ՊՆ մի զորամասի հրամանատարը, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հիմքով, ստացել է Երևանում գտնվող բնակարան՝ անհատույց տրամադրման կարգով։ Սակայն մինչև այդ, ըստ հայտնի դարձած տեղեկությունների, իրականացվել են իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ, ինչի արդյունքում ստեղծվել է բնակարանային անբավարար ապահովվածության պատկերը։

Իրավասու հանձնաժողովին ներկայացված տվյալների հիման վրա կայացվել է դրական եզրակացություն, և 2019 թվականին ՊՆ հաշվեկշռում գտնվող շուրջ 21.000.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը տրամադրվել է նշված պաշտոնատար անձին։

Ներկայացված հանգամանքները ենթադրում են մի շարք կարևոր հարցադրումներ․

  • արդյո՞ք օտարումները կրել են իրական, թե ձևական բնույթ,
  • արդյո՞ք հանձնաժողովին ներկայացված տեղեկատվությունը եղել է ամբողջական և հավաստի,
  • ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործել որոշման կայացման փուլում,
  • և արդյո՞ք պետական գույքի տրամադրումը իրականացվել է օրենքի պահանջներին լիարժեք համապատասխան։

Եթե փաստերը ամբողջությամբ հաստատվեն, ապա հնարավոր է խոսք լինի պետական գույքի տրամադրման գործընթացում կոռուպցիոն լուրջ ռիսկերի մասին՝ ներառյալ խարդախության տարրեր։

Թեման ունի հանրային բարձր նշանակություն՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է պետական բնակարանային ֆոնդին և բյուջետային միջոցների հաշվին ձևավորված գույքին։ AntiCor-ը շարունակելու է հետևել զարգացումներին և ներկայացնել լրացուցիչ մանրամասներ՝ հիմնվելով փաստական տվյալների վրա։