AntiCor հետաքննություն

Տավրոս Սափեյան, Թալին համայնքի ղեկավար

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, վերջին երեք տարում կառուցել է ընտանեկան և կուսակցական շահերի կոռուպցիոն հստակ սխեմա՝ համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ ուղղելով իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։

🔸 Սկիզբը․ համայնքի ղեկավարն ու սեփական գազալցակայանը

2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը Էդիկ Սափեյանը և հորեղբայրը Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալին համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։
Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, իսկ երկու մրցույթներում էլ միակ մասնակիցը եղել է հենց Սափեյանների ընկերությունը։ Ողջամտությունը հուշում է, որ գործի է դրվել կամ «թաքուն» մրցույթը կամ հնարավոր մասնակիցներին վախեցնելու մեթոդը։

Պայմանագրերը կնքվել են՝

  • 📅 2023-ի հունվարի 3-ին,
  • 📅 2023-ի ապրիլի 5-ին։

Այսպիսով, համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման առաջին իսկ տարուց սկսած համայնքային միջոցներով գործարքներ է իրականացրել իր ընտանիքի բիզնեսի հետ։ Այդպիսով տիրացել համայնքի գումարներին։

🔸 ԿԿՀ արձագանքը․ շահերի բախման հաստատված փաստ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրել է, որ Տավրոս Սափեյանը խախտել է շահերի բախման մասին օրենքը․

«Տավրոս Սափեյանը, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման, չի ներկայացրել համապատասխան հայտարարություն»։

ԿԿՀ-ն հարուցել է վարչական վարույթ՝ պաշտոնական հաստատմամբ արձանագրելով շահերի բախման իրավիճակը։

Արդյունքը՝ ձևական ուղղում, բայց ոչ համակարգային փոփոխություն

Հաջորդ՝ 2024 թվականին, Տավրոս Սափեյանը հայտարարագրել է շահերի բախումը, ընդունելով, որ իր հորն ու հորեղբորը պատկանող ընկերությունը մասնակցում է համայնքային գնումներին։
Սակայն փաստացի իրավիճակը չի փոխվել․ ընտանիքի փոխարեն, պարզվում է, հայտնվել է կուսակցական գործընկեր։

🔸 Նոր ձևական խաղացողը․ «Արսուր» ՍՊԸ-ն՝ նույն սխեմայի նոր դեմքը

2025 թվականին Թալին համայնքապետարանը հեղուկ և սեղմված գազի նոր պայմանագիր է կնքել ոչ թե «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի, այլ «Արսուր» ՍՊԸ-ի հետ։ Սակայն այս ընկերությունը փաստացի պատկանում է Տավրոս Սափեյանին, պարզապես փաստաթղթավորումն է փորձ արվել փոփոխելու։
Պայմանագիրը կնքվել է
📅 2025թ․ սեպտեմբերի 30-ին,
💰 11 մլն 600 հազար դրամի չափով։

Պայմանագիրը կնքվել է առանց մրցույթի՝ ուղղակի գնմամբ, գնանշման հարցման ձևով։

Պարզվել է, որ «Արսուր» ՍՊԸ-ի սեփականատերն է Արթուր Հակոբի Թորոսյանը, ով 2023-ի հոկտեմբերի 18-ից գրանցված է որպես բաժնետեր։
Նա հանդիսանում է Թալինի համայնքապետարանի Կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի հարազատ եղբայրը, իսկ Սուրեն Թորոսյանը Սափեյանի անմիջական ենթական և ՔՊ կուսակցության անդամ։ Նա պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Նրա նկատմամբ Արագածոտնի դատարանում քննվում է քրեական գործ, որի համաձայն վերջինս ծեծի է ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող մի երիտասարդի։ Բնականաբար Սուրեն Թորոսյանը ոչ մի րոպե չի գտնվել ազատազրկման վայրում։

Ավելին՝ «Արսուր» անվանումը ծագում է հենց սեփականատիրոջ և նրա եղբոր անուններից՝ Արթուր + Սուրեն = ԱՐՍՈՒՐ։
Նույնիսկ թույլտվությունը վաճառքի համար տրամադրվել է Տավրոս Սափեյանի կողմից՝ 2025-ի փետրվարի 7-ի N 219-Ա որոշմամբ։

Այսինքն՝ համայնքի ղեկավարն իր ստորագրությամբ թույլ է տվել սեփական ենթակային դառնալ համայնքի հիմնական մատակարարը։ Ակնհայտ է, որ «ԱՐՍՈՒՐ» ընկերության սեփականատերն ունի ձևական բնույթ, իսկ դրա փաստացի շահառուն հենց ինքը՝ Տավրոս Սափեյանն է։

📌 Կոռուպցիոն սխեման շատ պարզ է․

ընտանեկան բիզնեսը ձևականորեն փոխարինվել է կուսակցական ենթակայի անվամբ ընկերությամբ, իսկ համայնքային միջոցները շարունակում են շրջել նույն քաղաքական և անձնական շրջանակներում։

Սա դասական համակարգային կոռուպցիոն ցանցի օրինակ է՝ որտեղ ընտանեկան կապերը թեև տեղափոխվում են կուսակցական դաշտ, սակայն պահպանվում են համայնքի միջոցներին։