AntiCor.am-ի հետաքննությամբ պարզվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու նպատակով անձամբ միջամտել է նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործին։

Ըստ մեր կողմից ստացված տվյալների՝ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հանձնարարել է ամեն կերպ ապահովել Սպարտակ Ղուկասյանի ազատազրկումը, չնայած այն հանգամանքին, որ վերջինս արդեն գտնվում է տնային կալանքի տակ՝ անհիմն մեղադրանքով։

Արփինե Սարգսյանի հրահանգով ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական ոստիկանության ծառայողները և հատուկջոկատայինները երկու օր շարունակ՝ լուսադեմին, ներխուժել են Սպարտակ Ղուկասյանի բնակարան՝ իբր ստուգելու, թե արդյո՞ք նա խախտում է տնային կալանքի պայմանները։ Այսպիսի գործողություններ, ըստ մեր փաստաբանական խմբի, նախադեպ չեն ունեցել Հայաստանի իրավապահ պրակտիկայում։

Տեսնելով, որ այս սադրանքներով չի հաջողվում հասնել Սպարտակ Ղուկասյանի կալանավորմանը, Արփինե Սարգսյանն իր գլուխն այդ փորձանքից ազատելու համար փորձել է խնդիրը ներկայացնել որպես արդարադատության նախարարության լիազորության տիրույթում գտնվող հարց, քանի որ տնային կալանքի հսկողությունն իրականացնում է հենց այդ նախարարության պրոբացիայի ծառայությունը։

Արդյունքում Նիկոլ Փաշինյանն իր ապօրինի հանձնարարականը փոխանցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, որը հոկտեմբերի 9-ին անսպասելի այց է կատարել Շիրակի մարզ, պատրվակելով, թե ծանոթանում է ենթակա ստորաբաժանումների աշխատանքին։

Մեր աղբյուրների տեղեկություններով՝ Սրբուհի Գալյանը Շիրակի մարզի պրոբացիայի բաժնում հստակ հրահանգ է տվել «գտնել կամ ստեղծել խախտում», որպեսզի Սպարտակ Ղուկասյանը տեղափոխվի իրական կալանքի վայր։

Այս ամբողջ գործընթացը հստակ վկայում է, որ իշխանությունը օգտագործում է իրավապահ և արդարադատության համակարգերը՝ քաղաքական նպատակներով, իսկ իրավական մեխանիզմները վերածվել են ճնշման գործիքների։

AntiCor.am-ը հետևողական է լինելու այս հանձնարարականի կատարման ամբողջական բացահայտմանը և դրա կատարման համար բոլոր պատասխանատուների հայտանեբրմանը։
Մենք շարունակելու ենք հրապարակել նոր մանրամասներ այն մասին, թե ինչպես է իշխանությունը խախտում օրենքը՝ անձնական վրեժխնդրությունը պետական քաղաքականության մակարդակի հասցնելով։