2025 թվականի հոկտեմբերի 8-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, ըստ որի՝ իրավապահ մարմինները վերծանել են ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գ. Գալստյանի բջջային հեռախոսից հաղորդագրությունները։ Ըստ հրապարակման՝ դրանց հիման վրա պարզվել է վերջինիս անձնական բնույթի հարաբերությունը ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ։
Այս միջադեպը իրավապահների կողմից արդեն սովորույթ դարձած՝ քաղաքացիների անձնական կյանքի նկատմամբ ապօրինի միջամտությունների հերթական դրսևորումն է։
Նմանատիպ դեպքեր նախկինում նույնպես արձանագրվել են։ Դրանցից ամենահնչեղներից էր Ազգային ժողովի ՔՊ խմբակցության նախկին անդամ Հովհաննես Աղազարյանի հեռախոսային տվյալների գործը, երբ իրավապահների կողմից հայտնաբերված խիստ անձնական բնույթի տեղեկությունները դարձան հանրային քննարկման առարկա։
Արտահոսքը՝ որպես իշխանական արատավոր գործիք
Եթե Աղազարյանի դեպքի ժամանակ իշխանության ներկայացուցիչները չխորշեցին անձնական կյանքի ապօրինի միջամտությունը անձամբ քաղաքական իշխանության ներկայացուցիչների դեմքերով հրապարակայնորեն քննարկելուց, ապա Ախտոյանի դեպքում իրավապահները նախընտրեցին այլ մեթոդ․
արտահոսք։
Այլ կերպ ասած՝ պետական ինստիտուտները ստանում են անձնական տվյալներ ոչ միայն առանց իրավական հիմքի, այլ նաև կազմակերպում են դրանց վերահսկվող արտահոսքը՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով։
Այս կոռուպցիոն գործընթացը վտանգավոր է ոչ միայն իրավական, այլև բարոյական տեսանկյունից․ այն վերածում է պետությունը քաղաքացիների դեմ ուղղված հսկողության մեխանիզմի։
Իրավապահ համակարգը՝ որպես վերահսկման մեքենա
Իրավապահ մարմիններն այսօր ունեն լայնածավալ լիազորություններ և տեխնիկական միջոցներ՝ ցանկացած պահի ցանկացած անձի վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու համար։ Երբ այդ լիազորությունները օգտագործվում են ոչ թե հանցագործությունների կանխարգելման, այլ քաղաքական կամ անձնական նպատակներով, դրանք վերածվում են կոռուպցիայի ամենավտանգավոր ձևերից մեկի՝ իշխանության չարաշահման։
Մամուլում պարբերաբար հրապարակվում են նմանատիպ միջամտությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչը վկայում է համակարգային և կայուն դարձած խնդիր։
Խեղաթյուրված ձայնագրություններից մինչև կառավարվող արտահոսքեր
Հատկանշական է, որ ոչ միայն տվյալների ապօրինի ստացումն է դարձել սովորական, այլև դրանց խեղաթյուրված ներկայացումը։
Բագրատ սրբազանի և մի շարք այլ անձանց գործերը ցույց տվեցին, որ նույնիսկ քննչական կոմիտեն կարող է պաշտոնապես հրապարակել մոնտաժված գաղտնալսումներ, որոնք ձևափոխված են այնպես, որ փոխվի դրանց բովանդակությունը։
Այդ մեթոդը խախտում է արդար դատաքննության իրավունքը և վերածվում է հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործիքի։
Եթե նախկինում նման նյութերը տարածվում էին պաշտոնական հաղորդագրությունների միջոցով, ապա այժմ իշխանական համակարգը անցել է նոր փուլին՝ կառավարվող արտահոսքների մեթոդաբանությանը։
AntiCor-ի գնահատականը
AntiCor-ի գնահատմամբ՝ այս երևույթը հանդիսանում է քաղաքացիների հիմնարար իրավունքների կոպիտ խախտում և միաժամանակ համակարգային կոռուպցիոն պրակտիկա, քանի որ պետական պաշտոնյաները և իրավապահ մարմինները օգտագործում են իրենց լիազորությունները՝ իշխանության պահպանման և վերահսկողության նպատակով։
Անձնական կյանքի նկատմամբ նման միջամտությունները խախտում են ՀՀ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները։
Այդպիսի արարքները ենթակա են քրեական պատասխանատվության։
Ոչ ոք ապահովագրված չէ
Այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, լրագրող կամ քաղաքական գործիչ կարող է դառնալ նման միջամտության զոհ։
Անձնական հաղորդակցությունների գաղտնությունը վերածվել է պատրանքի։
Եթե այս գործելակերպը չկանգնեցվի, կարճ ժամանակում Հայաստանը կդառնա թվային վերահսկման պետություն, որտեղ իշխանությունն ամեն պահի կարող է ներխուժել մարդու անձնական տարածք։