Օրեր առաջ հրատապ ասուլիս հրավիրած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարել էր, որ Գյումրիում ընտրությունների ժամանակ Սարիկ Մինասյանի բնակության թաղամասում ընտրակաշառք է բաժանվել։ Նույն հայտարարությունն ավելի վաղ էլ էր արել Ղուկասյանը՝ իր դատական նիստերից մեկից առաջ՝ դատարանի բակում։
Սարիկ Մինասյանն անդրադառնալով Վարդան Ղուկասյանի այս հայտարարություններին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ խնդրել էր դրանք ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
Վարդան Ղուկասյանը, մասնավորապես մատնացույց անելով ընտրակաշառք բաժանելու կոնկրետ վայրը, նշել էր, որ այն տեղի է ունեցել Գյումրու այն թաղամասերից մեկում, որը կոչվում է «Գծի հետև» և որտեղ բնակվում է ՔՊ-ական Սարիկ Մինասյանը։ Ղուկասյանը հավելել էր, որ ընտրակաշառքը բաժանվել է այդ թաղամասի խանութներից մեկում և կազմել է 60 հազարական դրամ։
AntiCor հակակոռուպցիոն հարթակի հետաքննության արդյունքներով պարզվել է, որ Վարդան Ղուկասյանի հայտարարության հիմքում ընկած փաստերը առաջին անգամ արձանագրվել են Գյումրիում համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած «ՀայաՔվե» նախաձեռնության կողմից։ Այս փաստը փաստագրվել է ինչպես մեդիայում, այնպես էլ նախաձեռնության պաշտոնական հայտարարություններում։
Այս հայտարարության հիմքով ուսումնասիրություններ էր նախաձեռնել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը, սակայն դրանք այդպես էլ չեն հանգեցրել օբյեկտիվ քննության և չեն դարձել քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա։

Այս ամենը վկայում է հովանավորչության և քաղաքական կոռուպցիայի ակնհայտ գոյության մասին։
Սակայն այսքանով չի ավարտվում Գյումրու և Սարիկ Մինասյանի վերաբերյալ հովանավորչությունը։ Հենց ընտրությունների օրերին քաղաքական իշխանությունը մեկ այլ թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սկսեց քաղաքական լայնածավալ հետապնդումներ։
Այսպես՝ 2025 թվականի Գյումրիի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ՝ մեղադրելով նրանց այն բանում, թե վերջիններս ընտրողներին խոստումներ են տվել՝ ձայներ ապահովելու նպատակով։ Քննիչի վարկածով՝ նրանք ընտրողներին հորդորել են քվեարկել Գրիգորյանի օգտին՝ խոստանալով կատարել շինարարական աշխատանքներ՝ մասնավորապես շեբենապատել որոշ փողոցներ և տրամադրել վառելափայտ։
Նույն ժամանակահատվածում իշխող կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը հրապարակային քարոզարշավների ընթացքում մի շարք խոստումներ է տվել, որոնք ըստ էության կարող են նույն իրավական որակավորում ունենալ։ Մասնավորապես՝ գոյություն ունեն տեսագրություններ, որոնցում նա խոստանում է․
- «Ամենակարճ ժամկետում» լուսավորել տվյալ թաղամասի փողոցը,
- սոցիալական ծրագրի շրջանակում բնակարան հատկացնել տնակում ապրող ընտանիքին,
- մատչելի գնով հող վաճառել մեկ այլ սոցիալապես անապահով ընտանիքի։
Այս խոստումները փաստագրված են ստորև ներկայացված տեսանյութերով, որոնք հրապարակված են Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան էջում։ Տեսանյութը՝ ստորև…
Սարիկ Մինասյանի կողմից քարոզչության ժամանակ քրեական օրենսգրքով արգելված բարեգործությունն ու դրա խոստումն իհարկե այսքանով չեն սահմանափակվում։ 2025 թվականի մարտի 11-ին Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է քարոզչական գրառում և լուսանկարներ, որոնցով ուղիղ հաստատում է, որ իրականացնում է շեբենապատման աշխատանքներ, հենց այն նույն աշխատանքները, որը կատարելու համար քրեական հետապնդում հարուցվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ։ Նրանց վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանը կայացրեց վարչական հսկողություն խափանման միջոցը մասնակի սահմանափակելով վերջիններիս ազատության իրավունքը։
Սակայն Սարիկ Մինասյանի կողմից քրեական օրենսգրքով արգելված բարեգործությունն ու դրա խոստումները այսքանով չեն սահմանափակվում։
Գրառման պատճենը՝ ստորև

2025 թվականի մարտի 11-ին Սարիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քարոզչական գրառում և լուսանկարներ, որոնցով ուղիղ հաստատում է, որ իրականացնում է շեբենապատման աշխատանքներ։ Հենց այն նույն աշխատանքները, որոնց կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ։ Նրանց վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանը կիրառել է վարչական հսկողության խափանման միջոց՝ մասնակիորեն սահմանափակելով նրանց ազատության իրավունքը։
Փաստորեն, նույնատիպ արարքի համար այլ անձինք ենթարկվել են քրեական հետապնդման, մինչդեռ Սարիկ Մինասյանի պարագայում իրավապահ մարմինները չեն ձեռնարկել համապատասխան իրավական քայլեր։ Այս ընտրողական մոտեցումը վկայում է քաղաքական ազդեցությամբ պայմանավորված արդարադատության ընտրովի կիրառման մասին, ինչը կրկին հաստատում է համակարգային կոռուպցիայի գոյությունը։
Հատկապես հետաքրքրական է այն հանգամանքը, որ եթե իշխանությունը փորձի պնդել, թե չի նկատել հրապարակված տեսագրությունները կամ ֆեյսբուքյան գրառումները, ապա ողջամիտ բացատրություն չի կարող տալ այն փաստին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի մոտ Մարտուն Գրիգորյանի հոր քրեական գործով հարցաքննված վկաներից մեկը ցուցմունքով հայտնել է հենց Սարիկ Մինասյանի կողմից արգելված բարեգործության մասին։
Այսպես՝ նախաքննության ընթացքում վկաներից մեկը հայտնել է, որ անձամբ ականատես է եղել Սարիկ Մինասյանի կողմից պատվիրած շեբենապատման աշխատանքներին։ Այնուամենայնիվ՝ այս ցուցմունքը քննիչի կողմից անտեսվել է, և մինչ օրս որևէ քննություն չի իրականացվել՝ պարզելու, թե արդյոք Սարիկ Մինասյանի գործողությունները պարունակում են Հանրաքվեի կամ ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի իմաստով։
Հարցաքննության տեսանյութը՝ ստորև…
Այս իրավիճակը բացահայտում է ոչ միայն ընտրական իրավունքի խախտման հավանական դեպք, այլև համակարգային կոռուպցիայի դասական օրինակ։ Երբ իրավապահ մարմինները նույնատիպ վարքագծի պարագայում տարբեր վերաբերմունք են ցուցաբերում՝ կախված անձանց քաղաքական պատկանելությունից, առաջանում է ընտրովի արդարադատության և քաղաքական կախվածության հիմնավոր կասկած։
Կոռուպցիայի տեսանկյունից սա իշխանության չարաշահման ձև է՝ պետական պաշտոնյաների կամ իրավապահ մարմինների կողմից, երբ նրանք իրենց լիազորությունները կիրառում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։ Այս երևույթը միջազգային գնահատականներում բնութագրվում է որպես պետական կամ ինստիտուցիոնալ կոռուպցիա, երբ համակարգը պաշտպանում է իշխանության ներկայացուցիչներին և հետապնդում ընդդիմադիրներին։
AntiCor-ը շարունակելու է պարբերաբար ներկայացնել նոր փաստեր, վկայություններ և վերլուծություններ՝ հասարակությանը տրամադրելով ամբողջական պատկեր սույն կոռուպցիոն դեպքի մասին։
Մենք համոզված ենք՝ օրինականության և արդարադատության վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պատասխանատվությունը դառնում է անխուսափելի բոլորի համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից կամ պաշտոնական դիրքից։